Ձեռքը շարժել չի կարողանում. Արցախում 7 ամիս առաջ վիրավորված Հովհաննեսը շարունակում է բուժումը Կարմիր խաչում
Արցախում մայիսին ծանր հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հովհաննես Պողոսյանը կրկին բուժում է ստանում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:
«Հովհաննեսը ձեռնափայտով քայլում է, ոտքի շարժումներում փոփոխություն ենք զգում, բայց ձեռքն ընդհանրապես չի շարժում, մասնագետներն ասում են` պիտի սպասենք»,- ասաց տիկին Գայանեն:
Հովհաննեսը 15-օրյա բուժումն ավարտելուց հետո տուն կվերադառնա: Մոր խոսքով` մինչեւ գլխի վիրահատությունը կատարելը, որը նախատեսված է գարնանը, Հովհաննեսը եւս մեկ անգամ վերականգնողական բուժման կուրս կանցնի Կարմիր խաչում:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, ընտանիքը Երեւանում վարձով է բնակվում:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առ այսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:
Комментариев нет:
Отправить комментарий