пятница, 1 июня 2018 г.

Բողոքի ակցիա Թբիլիսիում. մասնակիցները վտարել են վարչապետին եւ պահանջել են կառավարության հրաժարականը
Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները իրենց ելույթներում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին կոչ են արել միանալ բողոքի ակցիային:
Գրուզիա օնլայնը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները վարչապետին հնարավորություն չեն տվել ավարտել ելույթը, որից հետո Գեորգի Կվիրիկաշվիլին հեռացել է տարածքից:
Բողոքի ակցիայի մասնակիցները գոռացել են «Հեռացիր»: Նովոստի Գրուզիան հաղորդում է, որ վարչապետի վրա շշեր են նետել եւ պահակախումբը նրան հեռացրել է հրապարակից:
Ավելի վաղ ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականից հետո պահաջել են նրան քրեական պատասխանատվության ենթարկել եւ իրավապահ եւ դատական համակարգերի վերակազմակերպում իրականացնել:
Ակցիայի մասնակիցները իշխանություններին 2 ժամ են տվել պահանջների կատարման համար, հակառակ դեպքում նրանք սպառնացել են կտրուկ գործողություններով: 22:00-ին այդ վերջնագրի ժամկետը լրացավ:
Արմավիրի մարզում իրանական ներդրումներով կհիմնվեն պիստակի ինտենսիվ այգիներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ եւ Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման ծրագրերը կարեւոր են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ հնարավորություն են ընձեռում ոչ միայն ավելացնել մշակովի հողատարածքների ծավալները, այլ նաեւ նոր մշակաբույսեր ներմուծել Հայաստան:
Շնորհավորելով Արթուր Խաչատրյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Բեհզադ Էսլահչին համառոտ ներկայացրել ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:
Մասնավորապես, նա նշել է, որ նախքան այգիների հիմնումը նախատեսվում է  իրականացնել մի շարք հետազոտություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ: Բացի այդ, կառուցվելու են նաեւ կուտակիչ ջրամբարներ եւ այգու ոռոգման համար առանձին ջրագիծ:       
Միաժամանակ Բեհզադ Էսլահչին տեղեկացրել է, որ ընկերությունը նպատակ ունի ընդարձակել գործունեությունը, հիմնել պիստակի չորացման ու փաթեթավորման արտադրամաս եւ այս հարցում ակնկալում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:
Նախարար Արթուր Խաչատրյանը հյուրերին հավաստիացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` Հայաստանում արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իլյա Երկրորդին 
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին:
Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց Ուղղափառ եկեղեցու անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վրաց եւ հայ ժողովուրդներն ունեն եղբայրական եւ բարեկամական դարավոր հարաբերություններ, երբ դժվար է եղել Հայաստանի համար՝ դժվար է եղել նաեւ Վրաստանի համար ու հակառակը: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ եւ այս պայմաններում պետք է մեր երկրները սերտ համագործակցությամբ հասնեն խնդիրների լուծմանը: Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար եւ նրան փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Գիտեմ, որ վրաց ժողովուրդը պատրաստվում է տոնել այդ հոբելյանը: Դուք ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Հայաստանում ու աշխարհում վայելում եք բարձր հեղինակություն, հետագա գահակալման ընթացքում մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկը նաեւ ինքնության, ավանդույթների պահպանման եւ զարգացման խնդիրն է: «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին եւ մեր համընդհանուր արժեքներին: Վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու իմ պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնեն հայ-վրացական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք արդյունավետ բանակցություններ, քննարկել ենք մի շարք հարցեր եղբայրական մթնոլորտում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների եւ վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ եւ վրացի ժողովուրդների կյանքում: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն ունկնդրել են Իլյա Երկրորդի հեղինակած հոգեւոր երաժշտության ստեղծագործություններից մեկը:
Եթե ներդրումային ծրագիր է, ինչո՞ւ ենք «բարեգործություն» բառը մտցնում արանքը. Փաշինյան
Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Մեղրիում «Մշակութային, ազգագրական, ագրո եւ էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձեւով օտարելուն համաձայնություն տալու հարցը:
«Այստեղ տրամաբանական կոնֆլիկտ կա: Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական, եթե ներդրումային ծրագիր է՝ ինչո՞ւ ենք մենք բարեգործական գնով վաճառում, ինչու ենք «բարեգործություն» բառը մտցնում արանքը եւ ստացվում է, որ բարեգործական առեւտուր է տեղի ունենում:  Այսինքն՝ եթե ներդրում է, ապա եկեք քննարկենք ներդրումային ծրագիրը, հասկանանք, որ մարդն ուզում է ներդրումային ծրագիր անել, տնտեսական շահույթ ստանալ: Եթե բարեգործական ծրագիր է՝ ինչո՞ւ է անպայման ուզում, որ իբրեւ սեփականություն այդ հողն ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը:
Եթե չհավանեն, պատրաստ եմ հրաժարական տալ. Նախագահը համբուրգեր է պատրաստել երեխաների համար 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 1-ին, «Օրրան» բարեգործական կազմակերպությունում բարեգործական միջոցառման ժամանակ համբուրգեր է պատրաստել երեխաների համար:
ՀՀ նախագահը ասել է, որ ինքը միայն ձվածեղ է պատրաստել, եւ ասյօր առաջին անգամ համբուրգեր է պատրաստելու:
Պատրաստելուց հետո նախագահը հայտարարել է, որ եթե երեխաները չհավանեն, ինքը պատրաստ է հրաժարական տալ:
Խոշոր սուպերմարկետները հանդիպում են պահանջում Փաշինյանից՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար

Մթերային ցանցային խանութները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն են հայտնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը հայտնվել է ռիսկի տակ։
Հայտարարությունը մեջ ասվում է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:
Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ եւ գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:
Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով եւ վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է եւ հիմա պահանջում է եւս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:
Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաեւ թե առեւտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:
Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:
Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։
«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան,
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան,
«Կրպակ» սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան,
«Կայզեր» սուպերմարկետների ցանց` Պարթեւ Պետրոսյան,
«Սաս Գրուպ» սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան,
«Պարմա» սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան,
«Ծիրան» սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան,
«Էվրիկա» սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով,
«Վաս գրուպ» սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան,
«Դանիելյան» սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան,
«Շիրակ» խանութների ցանց՝ Գոռ Գեւորգյան։
Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ

2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում  ստացվել  է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր,որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: